[Unicode]  What is Unicode? Home | Site Map | Search
 

Ի՞նչ է Յունիկոդը

Յունիկոդը յուրաքանչյուր նիշի ուրույն կոդ է վերագրում`
ծրագրահենքից,
ծրագրից և
լեզվից անկախ:

Համակարգիչների գործողության հիմքում ընկած են թվերը: Դրանք պահում են տառեր և այլ նիշեր՝ յուրաքանչյուրին իր ուրույն համարը վերագրելով: Յունիկոդի (Unicode) ստեղծումից առաջ գոյություն ունեին հարյուրավոր կոդավորման համակարգեր՝ թվեր վերագրելու համար: Սակայն մինչ այդ ոչ մի կոդավորման համակարգ ի վիճակի չէր բավարար թվով նիշեր պարունակել: Օրինակ՝ մի քանի տարբեր համակարգեր են պահանջվում լոկ միայն Եվրոպական Միությանը՝ իր բոլոր լեզուների պահանջները բավարարելու համար: Նույնիսկ միայն մեկ լեզվի (օրինակ՝ անգլերենի) համար գոյություն չուներ բոլոր տառերի, կետադրական նշանների և տեխնիկական նշանակումների համընդհանուր գործածությանը համապատասխանող որևէ մեկ ամբողջական կոդավորում:

Կոդավորման այդ համակարգերը նաև միմյանց էին հակասում: Այսինքն՝ երկու կոդավորման համակարգեր կարող էին միևնույն թիվն օգտագործել երկու տարբեր նիշերի համար, կամ տարբեր թվեր՝ նույն նիշի համար: Ցանկացած համակարգիչ (մանավանդ սերվերները) պետք է ապահովի բազմաթիվ տարբեր կոդավորումներ, մինչդեռ տարբեր կոդավորումների կամ ծրագրահենքերի միջև տվյալների փոխանցման յուրաքանչյուր դեպքում այդ տվյալները միշտ ենթակա են վնասվելու վտանգի:

Յունիկոդը փոխու՛մ է այդ ամենը:

Յունիկոդը յուրաքանչյուր նիշի ուրույն կոդ է վերագրում՝ ծրագրահենքից, ծրագրից և լեզվից անկախ: Յունիկոդի ստանդարտն ընդունվել է ոլորտի այնպիսի առաջատարների կողմից, ինչպիսիք են Apple, HP, IBM, JustSystems, Microsoft, Oracle, SAP, Sun, Sybase, Unisys և բազմաթիվ այլ ընկերություններ: XML, Java, ECMAScript (JavaScript), LDAP, CORBA 3.0, WML և այլ ժամանակակից ստանդարտներ պահանջում են Յունիկոդ համակարգ, որը ISO/IEC 10646 ստանդարտի ներդրման պաշտոնական միջոցն է: Այն ապահովվում է բազմաթիվ գործութային համակարգերի, բոլոր ժամանակակից զննարկիչների և այլ ծրագրերի կողմից: Յունիկոդ ստանդարտի ի հայտ գալը և դրան աջակցող գործիքները դասվում են համաշխարհային ծրագրային տեխնոլոգիաների զարգացման ամենանշանակալից միտումների շարքին:

Յունիկոդի ներառումը սպասառու-սերվեր կամ բազմամակարդակ կիրառական ծրագրերում ու կայքերում հանգեցնում է ծախսերի նշանակալի կրճատման՝ նախկինում օգտագործվող նիշերի ավանդական լրակազմերի համեմատ: Յունիկոդը հնարավորություն է տալիս միանման ծրագրային արտադրանքներ կամ կայքեր կիրառելի դարձնելու բազմաթիվ ծրագրահենքերի, լեզուների ու երկրների համար՝ առանց կառուցվածքային փոփոխություններ կատարելու: Այն թույլ է տալիս տվյալներն անվնաս փոխանցել բազմաթիվ իրարից տարբերվող համակարգերի միջև:

Unicode Consortium միավորման մասին

Unicode Consortium միավորումը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնվել է ժամանակակից ծրագրային արտադրանքներում ու ստանդարտներում տեքստային տեղեկույթի ներկայացումը հատկորոշելու համար օգտագործվող Յունիկոդ ստանդարտի մշակման, տարածման և խթանման նպատակով: Միավորմանն անդամակցում են համակարգչային միջոցների արտադրության և տեղեկույթների մշակման ոլորտներում գործող բազմաթիվ ձեռնարկություններ ու կազմակերպություններ: Միավորման ֆինանսավորումն իրականացվում է բացառապես անդամավճարների միջոցով: Unicode Consortium միավորմանն անդամակցելը բաց է ամբողջ աշխարհում Յունիկոդ ստանդարտը սատարող և դրա տարածմանն ու կիրառմանը օժանդակել ցանկացող բոլոր կազմակերպությունների ու անհատների համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս Բառարան, Տեխնիկական ներածություն և Օգտակար նյութեր բաժինները:

Armenian translation by Armen Hovhannisyan and Karen Sughyan


Access to Copyright and terms of use